X-XIII դդ. դարերի Մակարավանք վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց:
Գլխավոր եկեղեցի – ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան ճակատը ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ դահլիճում, խիստ տպավորիչ է ինքնատիպ լուծումով խորանի հարդարանքը։ Խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի ( քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։
Գավիթ - 1207 թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա. Վաչուտյանը: Արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին: Այն գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Երկրորդ եկեղեցին (X-XI դդ.) – համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIII դ. դարում վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ:
Նշխարատուն – գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված ( XIII դ.) պատերը։
Ս.Աստվածածին եկեղեցի – համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով կառուցված, ներքուստ խաչաձև (եռախորան, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածինը , որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ: