Մշկավանքը, կամ Մաշկավանքը, գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից ոչ հեռու, բարձրադիր սարահարթի վրա: Մինչ օրերս պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և արևմուտքից կից գավիթը: Պատմական աղբյուրներում եկեղեցու կառուցման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան: Առաջին անգամ այն հիշատակվում է 1219թ.:
Քառակուսի հատակագծով եկեղեցին իրենից ներկայացնում միանավ դահլիճ կիսագլանային թաղով: Խորանի կիսակլոր ապսիդից աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկ ավանդատները: Բեմի ճակատային մասը պատված է կամարիկներով, որոնց խորությունում կարելի է տեսնել ֆելզիտից քառաթև, հնգաթև և վեցաթև աստղեր: Ավագ խորանի պատուհանից վեր, արևելյան ճակատին, ոճավորված խաչ է փորագրված, որի վերին թևում ցուլի գլուխ է պատկերված:
Եկեղեցին գավթի հետ կապող միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Գավիթը կենտրոնակազմ անսյուն շինություն է փոխհատվող զույգ կամարներով: Արևմտյան մասում գտնվող մուտքը երիզված է շրջանակով, զարդարված բազմագույն ձևավոր քարերով: Բարավորի մասը պատված է խաչերով և ութաթև աստղերով:
Մշկավանքում կան մեծ քանակությամբ խաչքարեր և վիմական արձանագրություն: Նրա շուրջը գտնվում է միջնադարյան գերեզմանատունը, որի արևմտյան մասում մատուռ կա:
Մշկավանքը վերանորոգվել է 1955-1960 թվականներին: