Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:
Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:
Ս. Գևորգ եկեղեցին նմանատիպ կառույցներից առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով և մանրամասերի շեշտված յուրօրինակությամբ: