Հայրավանք վանական համալիր (Այրիվանք) IX-XIII դարերի այս վանքային համալիրը գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել են եկեղեցին և գավիթը:
Եկեղեցի (IX դար)- խաչաձև-քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու պատերի ամենահին արձանագրությունը 1211 թվականից է և վերաբերում է հիմնական վերանորոգումներին: Հարավարևելյան անկյանը կից ունի մի խորան` հավանաբար հետագայում ավելացրած: Գմբեթը կործանվել է XIX դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: Կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են:
Հայ ճարտարապետության եզակի նմուշներից է. բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում: Մուտքերը հարավային և արևմտյան խորաններից են, որոնցից արևմտյանը բացվել է հետագայում:
Գավիթ - երկսյուն է և գտնվում է եկեղեցու արևմտյան մասում (արևելք-արևմուտք առանցքից շեղված): Միջին քառակուսու վրա բարձրանում է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ անկյուններով գմբեթը` ներքուստ երեսպատված սև և կարմիր շեղադիր տուֆաքարերով: Արձանագրական փաստերից երևում է, որ այն կառուցվել է Ներսես և Յովասափ եղբայր առաջնորդների կողմից` 1211 թ. եկեղեցու նորոգումների ընթացքում, կամ նրանից անմիջապես հետո:
Տարածքի պեղումներով (1952, 1972-73 թթ., ղեկ. Հ. Մնացականյան) հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ և այլ իրեր:
Եկեղեցու վերականգնման նախնական նախագիծը ճարտարապետներ Շ. Ազատյանի և Յու. Թամանյանի 1956 թ. կատարած չափագրության հիման վրա կազմել է ճարտարապետ Ս. Ալանակյանը: Այնուհետև եկեղեցու ամբողջական վերականգնման նախագծով (Ռ.Դավթյան) եկեղեցին լրիվ վերականգնվել է, որի աշխատանքները կատարվել են 1977-1980 թվականներին վերականգնող վարպետ Ցոլակ Սարգսյանի ղեկավարած քարտաշ-որմնադիրների բրիգադի կողմից: