Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասի- րությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է::
Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Այս ուշագրավ հուշարձանը ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր:
Մատուռ – գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ:
Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: ՈՒղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ:
Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների ամրակայման, վերանորոգման մի շարք աշխատանքներ:
Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:
1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ:
Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.: