• Գանձասարի վանք

    4 4Reviews

    Գանձասարի վանք - Խաչեն գետի ափին բարձր բլրի վրա է գտնվում Գանձասարի ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը, որոնք կառուցվել են 1216-1238թթ Ջալալյան իշխանների կողմից: Պատմական փաստերը հուշում են, որ Գանձասարի պատմությունն ավելի հին է քան Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումը: Վանական համալիրի կառույցների վրա փորագրված են շուրջ երկու հարյուր գրություններ, որոնց մեծ մասը հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ:

    Հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում: XIII դարի առաջին կեսը, ըստ ամենայնի, եղել է Խաչենի անկախ իշխանության վերելքի շրջանը: Հենց այդ ժամանակ էլ Արցախում ստեղծվել են հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդ մտած արվեստի երևելի գործեր:

    Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց և գավթից, որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:

    Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Հրաշակերտ Գանձասարը կարճ ժամանակահատվածում դառնում է երկրամասի մշակութային կյանքի կարևոր ու խոշոր օջախ, կաթողիկոսանիստ: XVII դարի վերջից Գանձասարը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար:

    1923 թվականից՝ Արցախ աշխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին:

    Գանձասարի ճարտարապետական համալիրը՝ շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Իր անկրկնելի գեղեցկությամբ Գանձասարը, իրավամբ, Արցախում հայտնի է որպես ազգային ճարտարապետության գլուխգործոց: Նրա նշանակությունն ավելի է ընդգծվում շրջապատի հարյուրավոր այլ հուշարձանների շնորհիվ, որոնք ասես ժամապահների պես օղակել և պահում-պահպանում են Խաչենի «մարգարիտը»: Գանձասարի վանքը կերտողների ստեղծագործությունները լիիրավ կերպով կարող են համարվել XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան:

    Հայկական ճարտարապետության պատմության լավագույն գիտակ Ա. Լ. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»: Սորբոնի համալսարանի նշանավոր բյուզանդագետ պրոֆեսոր Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը:


    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք
    • Գանձասարի վանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Կանաչ Ժամ եկեղեցի, Շուշի

    Կանաչ ժամը կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847թ ) եկեղեցին գտնվում է Շուշիյում եւ երեւում է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերից:
    Կարդալ ավելին

    Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

    Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է մոտ քսան տարի եւ օծվել է Մարգարե առաջին կաթողիկոսի օրոք 1888 թվականին:
    Կարդալ ավելին